Ս/թ մայիսի 22-ին ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրավահաջորդ` ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի կողմից հանրությանը ներկայացվեցին ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա /ՋդՇ/ բաղադրիչի վերջնական գնահատման արդյունքները:
ՋդՇ բաղադրիչի գնահատման համար տվյալների աղբյուր է հանդիսանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնային տնտեսությունների հարցումը` Գյուղատնտեսական գործունեության հետազոտությունը /ԳԳՀ/: Մաթեմաթիկա փոլիսի րիսրչ /ՄՓՐ/ ամերիկյան ընկերությունը մշակել է գնահատման մեթոդաբանությունը և իրականացրել է տվյալների վերլուծությունը: Վերլուծությունն առավել համապարփակ դարձնելու համար օգտագործվել են ՀՄՀ-Հայաստանի կողմից պատվիրակված հետևյալ հետազոտությունների տվյալները. Ձեռնարկությունների կողմից կիրառման հետազոտություն և Ջրօգտագործող ընկերությունների ու ջրօգտագործողների հետազոտություն: Իրականացվել են ՀՄՀ-Հայաստանի կողմից պատրաստված թե ադմինիստրատիվ և թե այլ հաշվետվությունների վերլուծություններ, ինչպես նաև անհատական հարցազրույցներ են տեղի ունեցել ՀՄՀ-Հայաստանի անձնակազմի և ՋդՇ բաղադրիչն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մաթեմաթիկա փոլիսի րիսրչ /ՄՓՐ/ ընկերության փորձագետների կողմից ներկայացվեցին Վերապատրաստում, Վարկ, Հետբերքահավաքային վերամշակում և մարքեթինգ, ինչպես նաև Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացման ենթաբաղադրիչների արդյունքները: ՋդՇ բաղադրիչի գնահատման արդյունքների ներկայացման ընթացքում քննարկվեցին հետևյալ ցուցանիշները. վերապատրաստված ֆերմերների կողմից ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության մեթոդների կիրառում, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության նպատակով օգտագործվող գյուղատնտեսական հողատարածքի ավելացում, տնային տնտեսությունների եկամուտ/սպառում, ՀՄՀ-Հայաստանի վարկառուների հիմնական բնութագրերը, նոր մեթոդներ կիրառող ձեռնարկություններ, ջրօգտագործող ընկերությունների ծախսածածկում և վարձավճարների հավաքագրում: