Այցելություն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր (22/05/2009)

Մայիսի 22-23-ին ՀՄՀ-Հայաստանի թիմը` տնօրեն Արա Հովսեփյանի, Շահառուների խորհրդի անդամների եւ իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելեցին Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր: Հանդիպումը նպատակաուղղված էր Ջրից դեպի շուկա ծրագրով իրականացվող գյուղացիական գործունեության բարելավումները եւ ոռոգման ծրագրի մեջ ընդգրկված Որոտան պոպմակայանը դիտարկելուն, դրանց արդյունավետությունը գնահատելուն:

Առաջին կանգառը Արփի համայնքն էր, որտեղ իրականացվում էր Ջրի ներտնտեսային կառավարման դասընթաց: Ի դեպ, այս թեմայով դասընթացներ անցկացվել են արդեն ավելի քան 280 համայնքներում` 25 580 շահառուների մասնակցությամբ:

 

Ելփին համայնքում այցելություններ եղան երկու ցուցադրական տեղամասեր. առաջինում ցուցադրվել էր էտի ճիշտ կազմակերպման փորձը պտղատու այգում` Բարձրաժեք գյուղատնտեսություն թեմայով, իսկ երկրորդը նվիրված էր Ջրի ներտնտեսային կառավարման թեմային. ջերմատանը (160 ք.մ.) ներդրվել էր կաթիլային ոռոգում` ոռոգման նոր սարքավորումների պլանավորմամբ:

 

Վայոց Ձորի Մալիշկա համայնքում մեծ հետաքրքրություն էին առաջացրել պոլիէթիլենային ջերմատները եւ ծրագրի շրջանակներում հիմնադրվել էին մի քանիսը, այդ թվում` Ալբերտ Կոստանյանի սերմերի եւ բանջարեղենի սածիլների արտադրության կենտրոնը:

 

Այցելության մասնակիցները հանդիպեցին նաեւ Վայոց Ձորի մարզպետի հետ` քննարկելու մարզում ընթացող ծրագրային գործողությունները, դրական եւ բացասական կողմերը եւ հնարավոր բարելավումները:

 

ՀՄՀ-Հայաստան թիմը եղավ նաեւ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում` ծրագրում ընդգրկված Որոտան 2 պոմպակայանը դիտարկելու նպատակով: Նախատեսվում է իրականացնել պոմպակայանի վերանորոգման աշխատանքներ մոտ 1.72 մլն. դոլար արժողությամբ. ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ոռոգելի հողերի ջրապահովվածությունը, հնարավորություն կստեղծվի ավելացնել մշակվող հողատարածքները: Պոմպակայանը շահագործում է "Որոտան" ՋՕ ընկերությունը: