Ակնարկ

Ամփոփ նկարագիր


Հնգամյա ծրագրի իրականացմամբ (2006-ի սեպտեմբերից 2011-ի սեպտեմբեր) Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) նպաստում է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420,000 գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվում են շուրջ 45,000 ֆերմերներ` ծանոթացնալով գյուղատնտեսական առաջավոր փորձին, տեխնիկական աջակցություն է տրամադրվում ջուր մատակարարող կառույցներին և 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրվում ֆերմերներին և ագրոբիզնեսներին` ֆինանսավորելով ծրագրային գործունեությանն առնչվող ներդրումները: «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում արվող շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը հսկայական նշանակություն ունի երկրի գյուղատնտեսության և ընդհանուր տնտեսության զարգացման, ինչպես նաև ֆերմերների և ագրոբիզնեսի ընկերությունների բարգավաճման համար:


ՀՄՀ-Հայաստան ծրագիրն այսօր


Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագիր -Ոռոգման ենթակառուցվածքներ բաղադրիչ

Ոռոգման ենթակառուցվածքներ բաղադրիչը ՀՄՀ-Հայաստան ծրագրի ամենամեծ բաղադիչն է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 120 միլիոն ԱՄՆ դոլար: Այս բաղադրիչի շրջանակներում իրականացվում է հետևյալ ենթակառուցվածքների վերականգնում/շինարարություն.

- 6 մայր ջրանցքներ
- 5 ինքնահոս համակարգեր
- 17 պոմպակայաններ
- Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգ
- Ներտնտեսային ցանցեր շուրջ 100 համայնքում:

 

Արդյունքներ և ձեռքբերումներ
- Երեսապատվել են 20 կմ հատվածներ 6 մայր ջրանցքներում (ընդհանուր 40.2 l կմ-ից)
- Երեսապատվել է 41 կմ հատվածներ 5 ինքնահոս համակարգերում (ընդհանուր 44.8 կմ-ից)
- 6 մայր ջրանցքներում վերականգնվել են 231 ոռոգման կառուցվածքներ
- Վերականգնվել են 64.6 կմ հատվածներ ներտնտեսային ցանցերում, որից 50.7 կմ հողային ջրանցքներ և 13.4 կմ կիսախողովակների տեղադրում (ընդհանուր 113 կիլոմետրից)
- Մաքրվել են 47.8 կմ հատվածներ դրենաժի մայր ջրանցքներում (ընդհանուր 65կմ-ից)
- Ներկրվել են 26 պոմպեր և պատրաստ են տեղադրման (ընդհանուր 58-ից):

 

Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագիր -Ջրից դեպի շուկա բաղադրիչ

Գյուղատնտեսության աջակցության շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար արժողութամբ այս ծրագրի իրականացման ընթացքում 45,000 ֆերմեր ուսուցանվում են ջրի ներտնտեսային կառավարման /ՋՆԿ/ և բարձրարժեք գյուղատնտեսության /ԲԱԳ/ ոլորտներում Հայաստանի ավելի քան 350 գյուղական համայնքներում: Հիմնադրվում են շուրջ 220 ցուցադրական տնտեսություններ, որոնց նպատակն է ներկայացնել ոռոգման նոր տեխնոլոգիաները և բարձրարժեք գյուղատնտեսության փորձը հանրապետության բոլոր մարզերում: Աշխատանքներ են կատարվում գյուղատնտեսական բարելավված արտադրության և ագրոբիզնեսի ձեռնարկությունների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ: 8,5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրվել գյուղատնտեսության ոլորտի վարկերի համար:

 

Արդյունքներ և ձեռքբերումներ

- Ավելի քան 43,000 ֆերմեր մասնակցել է ՋՆԿ վերապատրաստմանը, որից 32,000 մասնակցել է նաև ԲԱԳ վերապատրաստմանը
- 216 ցուցադրական տեղամասեր են հիմնվել Հայաստանի բոլոր մարզերում
- Աջակցություն է ցուցաբերվել 110 ձեռնարկության/ֆերմերային խմբի
- Տրամադրվել 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ 840 վարկառուների:

 

"Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում" ենթաբաղադրիչ

"Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում" ենթաբաղադրիչի միջոցով ՀՄՀ-Հայաստանը նպաստում է ոլորտի կառավարման բարեփոխումներին` զարգացնելով և ամրապնդելով Ջրօգտագործողների ընկերությունների /ՋՕԸ/ և Ջուր մատակարարող գործակալությունների /ՋՄԳ/ ինստիտուցիոնալ կարողությունները` տրամադրելով հետևյալ օժանդակությունը.

- կարիքների գնահատում և Կառավարման բարելավման պլանի մշակում և իրականացում
- Համակարգչային ծրագրային ապահովում, այդ թվում` աշխարհագրական տեղեկատվական համակարգ /ԱՏՀ/
- Գրասենյակային սարքավորում և կահույք
- Ջրի կառավարման և շահագործման համար անհրաժեշտ մեքենամեխանիզմներ /ընտրանքային/:

 


Արդյունքներ և ձեռքբերումներ

- Իրականացվել է կարիքների գնահատում 44 ՋՕԸ-երում և 3 ՋՄԳ-երում
- Մշակվել են կառավարման բարելավման պլաններ և իրականացվել խորհրդատվություններ 44 ՋՕԸ-երում
- Գրասենյակային կահույք, տեխնիկա և համակարգչային ծրագրեր /այդ թվում աշխարհագրական տեղեկատվական համակարգ/ է տրամադրվել 44 ՋՕԸ-երի և 3 ՋՄԳ-երի:



Պատմական ակնարկ

 

 

2006թ-ի մարտի 27-ին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան 235.65 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա համաձայնագիր ստորագրեց ՀՀ կառավարության հետ, որի նպատակն է գյուղատնտեսական ոլորտի բարելավման միջոցով կրաճտել գյուղական աղքատությունը: Համաձայնագրով նախատեսվում է կրճատել գյուղական աղքատությունը` գյուղատնտեսության ոլորտում կայուն ու տևական աճի ապահովման միջոցով: Ծրագրի նախնական տարբերակով նախատեսում էր դա իրագործել գուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին և ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի միջոցով: Ծրագիրը շոշափելի արդյունք պետք է ապահովի շուրջ 750 000 հոգու կամ Հայաստանի գյուղական բնակչության 75%-ի համար: Նախատեսվում էր, որ այն կկրճատի աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում ու կավելացնի տարեկան եկամուտները: 2006թ-ի սեպտամբերի 29-ից Համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել: 

 

 


Ավելի ուշ` 2009թ.-ի հունիսին քաղաքական պատճառներով ՀՄԿ խորհրդի որոշմամբ դադարեցվեց ՀՄՀ-Հայաստանի ենթածրագրերից մեկը` Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագիրը, որով նախատեսվում էր 67 միլիոն դոլար շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման համար:

Ինչ վերաբերում է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրին, ապա 2008թ.-ին այն ենթարկվեց վերանայման` ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի էական անկման և շինարարական աշխատանքների թանկացման պատճառով, քանի որ ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում ոռոգման ենթակառուցվածքների շինարարության համար Համաձայնագրով նախատեսված գումարը բավարար չի լինելու: Արդյունքում որոշում կայացվեց մշակել նոր ծրագիր` ապահովելով ենթաբաղադրիչների առավել օպտիմալ ընտրությունն ու հնարավորություն ստեղծելով առավելագույն ազդեցություն ունենալ Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցմանը:
Այսօր ՀՄՀ-Հայաստանն ունի մեկ հիմնական ենթածրագիր` Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագիրը (120 միլիոն ԱՄՆ դոլար), որն իր հերթին ունի ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը և ֆերմերների աջակցման` Ջրից դեպի շուկա բաղադրիչը (32 միլիոն ԱՄՆ դոլար)` իր կառուցվածքային ամրապնդում ենթաբաղադրիչով (շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար):
Ծրագրի բյուջեով նախատեսված է նաև մոտ 23 միլիոն դոլարի վարչական, ինչպես նաև մոնիթորինգի ու գնահատման ծախսերի համար:    

Եթե փորձենք թվերով ցույց տալ, թե որքան մարդ է օգտվելու ՀՄՀ-Հայաստան ծրագրից, ապա վերջին հաշվարկների համաձայն, Ոռոգման ենթակառուցվածքների և Ջրից դեպի շուկա բաղադրիչների իրագործման շահառուների թիվն ավելի քան 427 հազար է1: Այսինքն` այդքան գյուղաբնակներ ուղղակի կամ անուղղակի կշահեն ծրագրերի իրականացումից: Ընդհանուր առմամբ, կօգտվի 358 համայնք, ինչպես նաև` 44 Ջրօգտագործողների ընկերություն:

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա (ՀՄԿ)

 

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամը (ՀՄՀ) արտասահմանյան օգնության նորարատիպ ծրագիր է, որի նպատակն է աշխարհի ամենակարիքավոր երկրներում խթանել "աղքատության կրճատումը կայուն տնտեսական աճի միջոցով": 2004-ի հունվարի 23-ին, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անկախ կորպորացիա, ստեղծվեց Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ), որն էլ իրականացնում է "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ" ծրագրեր տարբեր երկրներում: ՀՄՀ ֆինանսավորման առաջարկի ձևավորման գործընթացն ինտենսիվ է, խիստ և պահանջում է ամիսների համատեղ, տքնաջան աշխատանք: Ստորև ներկայացնում ենք ՀՄԿ ակնկալիքներն ու պահանջները Համաձայնագրի ձևավորման և իրականացման առումով:


Աղքատության կրճատում` տնտեսական աճի միջոցով. ՀՄԿ-ն սատարում է այն ծրագրերին, որոնք ուղղված են աղքատության կրճատմանը տնտեսական կայուն աճի մեջ ներդրումների միջոցով: ՀՄԿ-ն համոզված է, որ պետության կայուն զարգացումը հնարավոր է միայն, եթե տրամադրվող օգնությունը վերածվում է տնտեսության զարգացման, իսկ ներդրումների իրականացումն առաջնորդում է մասնավոր հատվածը: Ակնկալվում է, որ ՀՄԿ-ի դերն այստեղ ձևափոխող է և անցումային, քանի որ աջակցությունը փոխարինվում է մասնավոր կապիտալի ներհոսքով:


Արդյունավետ քաղաքականության գնահատում. ՀՄԿ երկրները ընտրվում են արդար կառավարման, մարդկային կապիտալում արվող ներդրումների և տնտեսական ազատության խթանման ոլորտներում գրանցված առաջընթացի հիման վրա: ՀՄԿ-ն կարծում է, որ լավ վարած քաղաքականությունը դրական հող է ստեղծում կայուն տնտեսական աճի և աղքատության կրճատման համար, այդպիսով նաև` ՀՄԿ ներդրումների համար:


Գործընկերություն և երկրների լիարժեք մասնակցություն. ՀՄԿ երկրներից պահանջվում է, որպեսզի նրանք առաջնորդեն ծրագրի իրականացման գործընթացը և լիարժեքորեն մասնակցեն դրա իրականացմանը: Սերտորեն համագործակցելով ՀՄԿ-ի հետ` ՀՄՀ երկրները պատասխանատու են իրենց զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների հաղթահարման, քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման և ՀՄՀ ծրագրի ձևավորման համար:


Արդյունքների կարևորում. ՀՄՀ աջակցությունն ուղղվում է այն երկրներին, որոնք լավ ձևակերպված ծրագիր են ներկայացնում, ուր հստակ տեսանելի են նպատակները, առաջընթացի գնահատման մեխանիզմները, ֆինանսական հաշվետվողականության ընթացակարգերը, արդյունավետ մոնիթորինգի պլանը և արդյունքների անկողմնակալ գնահատումը: Ծրագրերը նախատեսված են խթանելու շարունակական առաջընթացը` նույնիսկ ՀՄՀ Համաձայնագրի ավարտից հետո:

 


____________________________________________________

 

1Ծրագրի շահառուների մասին առավել մանրամասն վերլուծությունը տեղադրված է Մոնիթորինգի և գնահատման բաժնում` "ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների վերանայված վերլուծություն" փաստաթղթում: