Ծրագրերի և ենթածրագրերի կատարողականի մոնիթորինգն իրականացվում է պարբերաբար, համակարգված ու ընթացիկ կարգով` ցուցանիշների հսկման կանոնավոր համակարգի միջոցով: Նման վերլուծությունը ՀՄՀ-Հայաստանի և ՀՄԿ-ի ղեկավարությանը թույլ է տալիս ծրագրում անհրաժեշտ ճշգրտումներ կատարել` Ծրագրի ընդհանուր ազդեցությունը մեծացնելու նպատակով:
ՀՄՀ-Հայաստանի ՄԳ պլանը Ծրագրի իրականացման բոլոր մակարդակներում ցուցանիշներ է սահմանում: Ավելի ցածր մակարդակի ցուցանիշները (ընթացիկ առաջընթացի և արդյունքի ցուցանիշներ) և վերջիններիս թիրախները սահմանվում են ծրագրերի և ենթածրագրերի աշխատանքային պլանների հիման վրա: Ավելի բարձր մակարդակի գրեթե բոլոր ցուցանիշները (ազդեցության, խնդրի և նպատակի) և դրանց թիրախներն անմիջականորեն կապվում են Տնտեսական օգտակարության գործակցի (ՏՕԳ) վերլուծությանը, որը հաշվարկվել է ներդրումների ազդեցությունը գնահատելու համար, և դուրս են բերվում այդ վերլուծության օգուտների հոսքերը պարունակող մասից:
ՄԳ պլանի Հավելված Ա-ում բերված Ցուցանիշների սահմանման աղյուսակը յուրաքանչյուր ցուցանիշի համար մանրամասն ներկայացնում է վերջինիս սահմանումը, չափման միավորները, տվյալների աղբյուրը, տվյալների հավաքագրման մեթոդը, տվյալների հավաքագրման հաճախականությունը և տվյալները հավաքելու համար պատասխանատու կառույցը:
Յուրաքանչյուր ցուցանիշի ելակետային արժեքը և թիրախները բխում են ծրագրի ներդրումները հիմնավորող տնտեսական վելուծությունից: Նախքան որևէ ենթածրագիր սկսելը այդ ենթածրագրին առնչվող ելակետային արժեքներն ու թիրախները հստակեցվում են: Անհրաժեշտության դեպքում թիրախները կարող են վերանայվել ՀՄԿ գրավոր թույլտվությամբ:
Որպես վճարման եռամսյակային հայտի մաս ՀՄՀ-Հայաստանը պետք է ներկայացնի Ցուցանիշների հսկման աղյուսակներ (ՑՀԱ)` Համաձայնագրի նպատակների ուղղությամբ առաջընթացին հետևելու համար: ՑՀԱ-ն ներկայացնում է կատարողականի թիրախները (կանխատեսումներ) և հսկում վերջիններիս ուղղությամբ կատարված առաջընթացը (իրական արդյունքներ):